Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետեւել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է նաեւ զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնանյութական բազան եւ տեխնիկական հագեցվածությունը:

Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ եւ սահմանել դրանց կատարման հստակ ժամանակացույց: