Սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախկին նախարար Յուրի Վարդանյանին իր նոր պաշտոնը արդեն հայտնի է, սակայն NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում  նա վստահեցրել է, որ  այդ  մասին առայժմ չի հրապարակելու:  Ստորեւ ներկայացնում ենք  Յուրի Վարդանյանի հետ  հարց ու պատասխանը:

Պարոն Վարդանյան, ինչո՞վ եք զբաղվելու, նոր աշխատանքի առաջարկ արդեն ստացե՞լ եք:

Ամեն ինչ նորմալ է, շուտով ամեն ինչ կլսեք:

Նոր պաշտոն եք ստանալո՞ւ:

Բա որ ասում եմ` ամեն ինչ նորմալ է, ուրեմն  պիտի տեղափոխվեմ,  չէ՞, արդեն նախարար չեմ:

Սպորտի  ոլորտում եք պաշտոն զբաղեցնելո՞ւ, թե նախկինի պես այլ պաշտոն եք զբաղեցնելու` ասենք խորհրդական:

Խնդրում եմ` ըմբռնումով մոտենաք, ոչինչ չեմ ասելու հիմա, ու խնդրում եմ ըմբռնումով մոտենաք այս պահվածքիս:

Ձեր իրավահաջորդի` Գաբրիել Ղազարյանի մասին ի՞նչ կարծիքի եք:

Ես նոր նախարարին  մի անգամ եմ տեսել, ավել չեմ տեսել  ու վատ տպավորություն չի թողել էդ մի անգամով:  Զուտ իմ ստացած տպավորության մասին եմ  ասում:

Տխո՞ւր եք հեռացել, թե՞ ուրախ:

Բացարձակ տխուր չեմ, լոկ տղամարդու խոսք եմ ասում, որ  տխուր չեմ, խորը հասկանալով եմ ասում, որ իմ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան այնտեղ: Ես մարզիկ եմ եղել ու պետք է ասեմ էլի, որ ոնց որ իմ ափսեի մեջ չլինեի այնտեղ:

Այստեղից կարելի  է ենթադրել, որ Դուք սպորտային ոլորտում պաշտոն կզբաղեցնե՞ք,  կարո՞ղ է  ՀԱՕԿ-ի ղեկավար  նշանակվեք:

Դե որոշողը կորոշի` ես որտեղ կլինեմ, իհարկե,  ես արդեն ամեն ինչ գիտեմ եւ շատ հանգիստ է իմ ներաշխարհը, բայց չեմ բարձրաձայնում, որովհետեւ էդ իրավունքը չունեմ: Երբ ժամանակը գա, բոլորդ կիմանաք:

Պարոն Վարդանյան, նոր նախարարից հետո անհանգիստ են շատերը կադրային փոփոխության առումով,  ի՞նչ եք կարծում   կադրային փոփոխություններ կլինե՞ն, Ձեր նշանակած կադրերին կազատե՞ն:

Նոր ղեկավարն է որոշում, ես որ եկա,  ինձ ո՞վ ասեց` ում փոխեմ, ում` չէ: Նոր ղեկավարը կորոշի` ում կփոխի,  ում` չէ, բայց էն մարդկանց, որ ես ինքս եմ  նպատակահարմար գտել ու  բերել  նախարարություն, պիտի ասեմ, որ ես իրենց կողքին եմ ու որտեղ էլ որ լինեմ, իրենց օգտակար կլինեմ, իրենք թող վստահ լինեն, որ օդի մեջ չեն մնալու:

Ինչո՞ւ ԲՀԿ-ական ներկայացուցիչ նշանակեցին:

Դուք արդեն ներքաղաքական հարցերն եք քննարկում, ինչն այս պահի դրությամբ իմ շրջանակից դուրս է: