Մայիսի 3-ին սիրիական Հալեպ քաղաքում հայաբնակ Ազիզիե թաղամասում հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է հայկական կաթոլիկ եկեղեցու քահան Կոմիտաս Թաթագլյանը: Այդ մասին հաղորդում է Հալեպի հայ համայնքի մամուլի ծառայությունը:
Զինված ընդդիմության գրոհայինները մայիսի 3-ին ականանետ գնդակոծության են ենթարկել Հալեպում պետական համալսարանին մոտակա շրջանը(Դամասկոսից 360կմ հյուսիս): Ականները հայտնվել են գրականության եւ տնտեսագիտության ֆակուլտետների շենքերում: Վնասվածքներ են ստացել նվազագույնը 30 ուսանողներ, այդ թվում նաեւ ազգությամբ հայ Նաիրի Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ մայիսի 1-ի եւ 2-ի երեկոյան սիրիական Հալեպ քաղաքում հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով 4 հայ է վիրավորվել: Վնասվածքներ են ստացել Բենո Փիլաչյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Մարլեն Փոքրավորյանը եւ Էլի Չիլաբոշյանը:
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում Հալեպի հայկական թաղամասերը ենթարկվում են ակտիվ հրթիռային եւ ականանետ հարձակումների:




























