«Ոչխարների խուզում 2014» փառատոնն արդեն երրորդ պրոֆեսիոնալ փառատոնն է Հայաստանում եւ այն պետք է շարունակական լինի: Այդ մասին մայիսի 3-ին Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում նշվող փառատոնի ընթացքում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Հայաստանի վարչապետ հովիկ Աբրահամյանի անունից նա ողջունել է բոլոր ներկաներին եւ բավականություն է հայտնել, որ փառատոնը կազմակերպվել է Սյունիքի մարզում, քանի որ մարզը լավագույններից մեկն է  գյուղատնտեսական մարզերից, այստեղ զարգացած է ոչխարաբուծություն: «Այս նախաձեռնությունը նաեւ Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլյանդիայի հյուպատոսին է պատկանում: 4 տարի առաջ նա մեր երկրում «Հայրենիքի զարգացման նախաձեռնության» հիմնադրամ է հիմնել, որը պետք է համագործակցի տարբեր համայնքներում ազգային արհեստների ծրագրերի իրագործմանը: Նման փառատոնների կազմակերպումը մեր երկրում արդեն ավանդույթ է դարձել, ինչպես օրինակ Վայոց Ձորի մարզում ամեն տարի անցկացվող «Գինու փառատոնը», Տավուշի մարզում կազմակերպվող  «Մեղրի փառատոնը»,- նշել է Սերգո Կարապետյանը:

Հայաստանի Սյունիքի մարզի մարզպետ Վահե Հակոբյանն իր հերթին ընդգծել է. «Մենք փորձում ենք վերականգնել մեր ավանդույթները, եւ ոչխարներ խուզելու միջոցառումները մշտապես մեր ազգային ավանդույթների շարքում են: Սյունիքի մարզը բավական լուրջ հնարավորություններ ունի, հատկապես ոչխարաբուծության զարգացման ծրագրերի վերաբերյալ շատ գործեր ունենք»: Նա շնորհակալություն է հայտնել փառատոնի մասնակիցներին՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզպետարանն աջակցում է նման միջոցառումներին: «Ապագայում նախատեսվում է անցկացնել նաեւ «Սյունիքի բարիքների» փառատոն, որը նվիրված կլինի թութին»,- հավելել է մարզպետը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am