Պաշտոնական Մինսկը չի պատրասվոըմ մայիսի 29-ին Աստանայում ստորագրել Եվրասիական տնտեսական միության կազմավորման մասին պայմանագիրը՝ ի վնաս իր շահերի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Այսօր մենք, եւս մեկ անգամ ընդգծում եմ, տեսնում ենք երկխոսություն, նախ եւ առաջ Ռուսաստանի հետ, թե ինչպես լուծենք այդ խնդիրները: Դրանք մոտ ժամանակներս կլուծվեն, որովհետեւ մայիսի վերջին մենք պետք է ստորագրենք Եվրասիական տնտեսական միության կազմավորման մասին պայմանագիրը, ուստի բոլոր հարցերը պետք է հանվեն: Հակառակ դեպքում մենք չենք կարող այդ տնտեսական միությունում գնալ ի վնաս մեզ՝ ոչ հավասար պայմաններում»,-ընգծել է Լուկաշենկոն:
Միաժամանակ, Ղազախստանի իշխանությունները հույս ունեն արդեն 2014-ինընդգրկվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում:
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը պետք է պատրաստի լինի 2014-ի մայիսին եւ ուժի մեջ մտնի Մաքսային միության տարածքում 2015-ի հունվարի 1-ից: Մինսկում, ապրիլի 29-ին կայացած նիստին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Այդ նիստում Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական միությունը պետք է ձեւավորվի հարկումների եւ փոխադարձ առեւտրի սահմանափակումների բացակայության սկզբունքով, այ թվում նավթի առեւտրի:




























