Օդեսայում Ուկրաինայի ներկա իշխանությունների մոտ հազար հակառակորդներ փորձում են գրոհով վերցնել քաղաքի ոստիկանության վարչության շենքը:

Զինված ակտիվիստները բարձրացրել են մուտքի դռները եւ փորձում են ներս մտնել: Նրանք հարվածում են դռներին:

Նրանց ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցները՝ սաղավարտներով ու վահաններով զինված:
Բացի այդ, զինված ցուցարարները շենքի վրայից հանել են Ուկրաինայի դրոշը եւ կախել Օդեսայի դրոշը: Նրանք վանկարկում են. «Ազատություն» եւ «Ֆաշիստներ»:

Ավելի վաղ Օդեսայի Կուլիկովո դաշտում, որտեղ գտնվում է երկրի դաշնայնացման կողմնակիցների ճամբարները, երթ է մեկնարկել, որին մասնակցել է  մոտ հազար ռուսամետ ակտիվիստ: Ակտիվիսնտների հետ միասին երթին մասնակցում են նաեւ հոգեւորականներ:

Բացի այդ, մի քանի մարդ փակել են Պրեոբրաժենսկի փողոցը, որպեսզի  ոստիկանության աշխատակիցներին թույլ չտան ոստիկանության քաղաքային վարչությունից դուրս բերել մայիսի 2-ի դեպքերի հետ կապված կալանավորվածներին, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

Հայտնի է դարձել, որ իրավապահները սկսել են ազատ արձակել մայիսի 2-ին զանգվածային անկարգությունների մասնակիցներին: Նրանք անցնում են ցուցարարների միջեւ բացված միջանցքով, որի ընթացքում նրանց ծափահարում են եւ բացականչում. «Փառք Օդեսայի հերոսներին», «Կեցցեք»: