Ուկրաինայում խաղաղության եւ կայունության պաշտպանության համար Իտալիան պատրաստ է խաղաղարար զորքեր ուղարկել երկիր այն դեպքում, եթե նման որոշում ընդունվի: Այդ մասին գրում է «La Repubblica» թերթը՝ վկայակոչելով Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերթ Պինոտիին:

«Անկասկած, միայնակ հնարավոր չէ արձագանքել, անհրաժեշտ է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ միջոցով անել դա: Եթե կարիք լինի, մենք պատրաստ ենք Ուկրաինա խաղաղարար զորքեր ուղարկել: Նման առաջարկով դեռ ոչ ոք հանդես չի եկել, սակայն մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների նման զարգացման: Այդ պահին մեր քաղաքական եւ դիվանագիտական ջանքերն ուղղված են Ժնեւում ձեռք բերված համաձայնությունների ոգու վերադարձին»,- հայտաարարել է նախարարը:

Նշվում է, որ նման կարծիք Պինոտին հայտնել է Օդեսսայում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ մայիսի 2-ին բախումների եւ Արհմիությունների տան հրդեհի հետեւանքով 46 մարդ էր զոհվել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ինչպես համարում է նախարարը, այս պահին վաղ է խոսել այն մասին, որ աշխարհը «եվրոպական պատերազմի» եզրին է, սակայն «արդեն հնարավոր չէ կանգնել ու նայել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները»: