Մեկ տարի առաջ Ստոկհոլմում` «Փառքի շվեդական երաժշտական սրահում» բացված ABBA խմբի թանգարանն արդեն հասցրել է երկրի երեք ամենահեղինակավոր զբոսաշրջության կենտրոններից մեկը դառնալ: Նման գնահատմամբ են հանդես եկել թագավորության տուրիստական ոլորտի նախաձեռնությամբ վեց տարի առաջ մեկնարկած Trip Global Award մրցանակաբաշխության ժյուրիի անդամները:

Առաջին տարեդարձի դրությամբ (մայիսի 7) թանգարան են այցելել լեգենդար արտիստների 350 հազար երկրպագուներ: Ներկայումս սրահում հայտնի մյուզիքլի` Mamma Mia! անվամբ նոր ցուցադրություն է պատրաստվում: Այցելուները կարող են ստեղծագործության հետ կապված նոր ցուցանմուշներ տեսնել` լոնդոնյան բեմադրությունից «Դոննա եւ Դինամո» խմբի մասնակիցների 3 բնօրինակ հագուստներ, ինչպես նաեւ «Իսկ մայրդ գիտի՞» սցենան` 2005թ. ստոկհոլմյան բեմադրության ողջ ռեկվիզիտով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 Mamma Mia!-ի առաջին ցուցադրությունը 1999թ. Լոնդոնում է տեղի ունեցել: Մինչ այժմ մյուզիքլը աշխարհի ավելի քան 400 քաղաքներում, այդ թվում նաեւ` Մոսկվայում, 54 մլն մարդ է դիտել: 2008թ. համաշխարհային աստղերի մասնակցությամբ, ինչպիսիք են Մերիլ Սթրիփը եւ Պիրս Բրոսնանը, նույնանուն ֆիլմ է նկարահանվել: