Թաիլանդի հյուսիսում 6,0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Ըստ մասնագետների` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիանգրայ նահանգի համանուն վարչական կենտրոնից 27 կմ հեռավորության վրա:

Այդ քաղաքի օդանավակայանում ուղեւորները տարհանվել են շենքից: Այժմ ստուգում են շենքի տանիքը ` հնարավոր վնասվածքները հայտնաբերելու նպատակով:

Երկրաշարժից հետո նահանգի որոշ բնակիչներ տներում ճաքեր են հայտնաբերել: Ճաքեր են հայտնվել նաեւ  ճանապարհներին: Ոստիկանությունը եւ կամավորները զննում են էպիկենտրոնի մերձակայքը: Լուրջ ավերածությունների եւ զոհերի մասին լուրեր դեռ չկան:  

Ստորգետնյա ցնցումները զգացվել էին նաեւ Թաիլանդի կենտրոնական հատվածում: Մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ լքել էին իրենց տները` վազելով փողոց: 

Բանգկոկում ցնցումները  զգացվել են մի քանի րոպե:

Ըստ ականատեսների` երկրաշարժի հետեւանքները զգացվել են նաեւ հարեւան Մյանմարում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: