Եմենում «Ալ-Քաիդայի» գրոհայինների կողմից երկու ֆրանսիացի դիվանագետ է սպանվել, եւս մեկը վիրավոր է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին այդ երկրում լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ էին մեկնարկել, որոնց արդյունքում մի քանի տասնյակ գրոհայիններ են ոչնչացվել: Որոշ տեղեկություններով, գործողություններին ամերիկյան անօդաչու թռչող սարքեր էին մասնակցում: Գործողությունների հիմնական թիրախ են եղել գրոհայինների` Աբյան, Շաբվա եւ ալ-Բայդա նահանգների հանգույցը կազմող Մահֆադ դժվարանցանելի լեռնազանգվածում տեղակայված բազաները:

Եմենի հարավային եւ հարավ-արեւմտյան նահանգները «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության հենակետն են հանդիսանում: Արմատականները լեռնային զանգվածներում թաքնվելով` իրավապահ մարմիններին ուղղված հարձակումներ են կազմակերպում: Միացյալ Նահանգներն ակտիվորեն աջակցում են Եմենի իշխանություններին` ծայրահեղականների դեմ պայքարում: