Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն իր կալանքի մանրամասներն է պատմել:
«Ես այնքան էլ միամիտ չեմ: Եթե փախչելու ցանկություն ունենայի, այլ տարբերակ կօգտագործեի: Բայց փաստն այն է, որ մեզ օդանավակայանում` Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեի եւ ԱՄՆ դեսպանատան երկրորդ դեմքի` Դերեկ Հոգանի ներկայությամբ են կալանավորել: Այդ կերպ սկանդալը մեծ թափ ստացավ, ինչին էլ մենք ձգտում էինք: Հերթական հարցաքննությունից հետո դատախազությունում համեստ ձերբակալությունն ինձ ձեռք չէր տալիս»,- «Թուրան» գործակալությանը իրավապաշտպան Լեյլա Յունուսն այսպես է մեկնաբանել իր` ամուսնու հետ եւ մինչեւ օդանավակայան բարձրաստիճան դիվանագետների ուղեկցությամբ երկրից դուրս գալու փորձը:
Նա ընդգծել է, որ այդ կերպ ցանկանում էր միջազգային հանրության ուշադրությունը գրավել: «Եթե թողնեին` հանգիստ կգնայինք եւ հետո կվերադառնայինք: Իսկ եթե ոչ` ապա ավելի լավ է` այսպես ձերբակալեին»,- ասել է նա:
Չկայացած թռիչքին Ֆրանսիայի դեսպանի ներկայությունը Լեյլա Յունուսը «նմանատիպ բարձրաստիճան վկայի անհրաժեշտությամբ» է բացատրել:
Հիշեցնենք, որ Յունուս ամուսինները Ռաուֆ Միրկադիրովի գործի առնչությամբ են ձերբակալվել: Վերջինս պետական դավաճանության եւ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ է մեղադրվում:




























