Ներկայումս Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ամենալավ շրջանը չէ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների եւ Եվրոպական ազատ դաշինքի խմբակցությունների անդամ, Իսպանիայի «Արալար» կուսակցության անդամ Ինյակի Իրազաբալբեյտիա Ֆերնանդեսը:

Նրա խոսքով, պատճառներից մեկը Հայաստանի մտադրությունն է՝ անդամակցել Մաքսային միությանն ու չստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: «Երբ Եվրոպան նայում է արեւելք, նա չի նայում Կովկասի երկրներին, այլ հետեւում է Ուկրաինայի իրավիճակին: Կարծում եմ՝ բարդ կլինի բարելավել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամը չի կարգավորվել խաղաղ, ժողովրդավարական եղանակով: Այդուհանդերձ, կարծում եմ, ԵՄ տվյալ քաղաքականությունը սխալ է, ԵՄ-ն պետք է փորձի կենտրոնանալ ոչ միայն Արեւելյան Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների, այլեւ Կովկասի երկրների վրա»,- ասել է Ֆերնանդեսը: