Google ինտերներ-կորպորացիան մտադիր է ապրանքների եւ ծառայությունների դիմաց ժեստերի եւ ձայնային հրահանգների օգնությամբ վճարում կատարելու նպատակով Google Glass ակնոցներում Wallet էլեկտրոնային վճարումների համակարգը տեղակայել:
Ինչպես TechCrunch պարբերականն է նշում` ընկերությանը մոտ կանգնած աղբյուրին վկայակոչելով, Google-ը ներկայումս թեստավորում է ծառայությունը եւ կարող է այն առաջիկայում սպառողներին ներկայացնել:
Միջոցները մեկ հաշվից մյուսը տեղափոխելու նպատակով օգտատերը պետք է ընդամենը ասի. «ուղարկել գումար» եւ մի քանի այլ ժեստ կատարի: Պարբերականի տվյալներով, Google-ը յուրաքանչյուր գործարքից 0,3 դոլարի կամ 2,9 տոկոսի չափով միջնորդավճար է գանձելու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Google-ը բոլոր ցանկացողների համար իր Glass ակնոցների մեկօրյա վաճառք էր կազմակերպել: Թե 1500 ԱՄՆ դոլար արժողությամբ քանի ակնոց է այդ օրը վաճառվել` ընկերությունը չի բացահայտում: Ակնկալվում է, որ ակնոցները ազատ վաճառքի կհանվեն 2014թ. երկրորդ կեսին:




























