Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հարավային կովկաս այցի շրջանակում քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարցերի լայն շրջանակ կքննարկի:

Այցից առաջ՝ մայիսի 6-ին, կայացել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականների Ֆաբիեն Պենոնի եւ Պոլ Ժան Օրտիզի ճեպազրույցը:

Այցը կսկսվի Բաքվից, կշարունակվի Երեւանում, կամփոփվի Թբիլիսիում:

Հայաստանում պաշտոնական հանդիպումներից բացի նախատեսվում է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի համերգը: Համերգին ներկա կգտնվեն Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը: «Շառլ Ազնավուրն աշխարհի ամենահայտնի հայն է», - նշել է Ֆաբիեն Պենոնը՝ հավելելով, որ աշխարհահռչակ շանսոնիեի համերգներին ներկա են գտնվել նաեւ նախկին նախագահներ Ժակ Շիրակն ու Նիկոլա Սարկոզին:

Երեւանում բանակցությունների թեման կլինի տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների զարգացումը, ներդրումների  խթանումը: Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակում նախատեսվում է գործարար համաժողով, նաեւ՝ այցելություն այն վայր, որտեղ կբացվի Հայաստանում առաջին «Քարֆուր» սուպերմարկետը:

Երեւանում եւ Բաքվում հիմնական թեմաներից կլինի ԼՂ հակամարտության կարգավորումը: Բանակցությունները կշարունակվեն Մադրիդյան սկզբունքների եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիմքով՝ ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության իրավունք: Ադրբեջանում կքննարկվեն նաեւ էներգետիկ եւ տրանսպորտային հարցեր, էներգակիրների մատակարարման այլընտրանքային միջանցքների հարցը: