Լուգանշչինայի բնակիչների ձեռքին հայտնված մեծ քանակությամբ հրազենային զենքը բերել է նրան, որ այսօր արդեն տիրող քրեածին իրադրությունը վերահսկողությունից դուրս է եկել: Նման հայտարարությամբ են հանդես եկել Ուկրաինայի ՆԳՆ Լուգանսկի մարզային վարչությունից:

Օրինապահների խոսքով, միայն վերջին օրերին մարզում ավտոմատ զենքի կիրառմամբ բազմաթիվ ավազակային հարձակումներ, սպանություններ, կողոպուտներ եւ ավտոտրանսպորտի գողության դեպքեր են գրանցվել:

«Այսօր ավտոմատ զենքով զինված գրոհայինները Վլադիմիրսկի փողոցի վրա գտնվող տուգանային հրապարակ են եկել եւ, պահակին սպառնալով, վերջինիս բանալիները, հեռախոսը եւ տարբեր քրեական գործերով նյութեղեն ապացույցներ հանդիսացող 10 ավտոմեքենա հափշտակել: 

Մարզում կառուցված այսպես կոչված «անցակետերում», որոնց նպատակը, հեղինակների պնդմամբ, մարզի պաշտպանությունն է «անցանկալի հյուրերից», զինված մարդիկ ավազակությամբ եւ կողոպուտներով են զբաղվում: Նրանք մարզի տարածք սննդամթերք եւ վառելիք տեղափոխող բեռնատարներ են կանգնեցնում, հափշտակում բեռն ու անհայտ ուղղությամբ տանում»,- ՈւՆՆ վկայակոչմամբ, հայտնել են ոստիկանությունում: