Ադրբեջանի ԱԳՆ-ն լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության շուրջ մտահոգություն հայտնած ԵՄ ներկայացուցիչներին խորհուրդ է տվել «քիթն ուրիշի գործերին չխոթել»:
Ինչպես երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւն է լրագրողներին հայտնել, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցչի ու ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատարի մայիսի 3-ին հնչեցրած հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում եւ Ռաուֆ Միրկադիրովի դեմ հարուցված ու Լեյլա եւ Արիֆ Յունուսների` վկայի տեսքով մասնակցութամբ քրեական գործն աղճատելու փորձ են հանդիսանում:
Աբդուլլաեւը նշել է, որ քննությունը լրագրողական կամ քաղաքացիական հասարակության ոլորտում գործունեությանը չի առնչվում: «Քանի դեռ քննություն է ընթանում, քաղաքական մոտիվով ժամանակավրեպ պաշտոնական հայտարարությունները գործընթացին միջամտելու եւ դրա վրա ճնշում գործադրելու փորձ են հանդիսանում: Դա ընդունելի չէ նաեւ օրենքի գերակայության տեսանկյունից»,- նշել է Աբդուլլաեւը:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, հայտնի է, որ «Ադրբեջանը միշտ աջակցել է Ադրբջանի Լեռնային Ղարաբաղի ռեգիոնում ապրող ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ երկխոսությունը»: «Մենք հավատում ենք, որ միջհամայնքային երկխոսությունը փոխըմբռնման եւ վստահության տեսանկյունից կարող է իր ներդրումն ունենալ խաղաղության հաստատման գործընթացում»,- ընդգծել է Աբդուլլաեւը:
Ըստ ամենայնի, «ժողովրդական դիվանագիտության» ակտիվ մասնակից Ռաուֆ Միրկադիրովը հենց այդ «երկխոսության» շահերից ելնելով է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալվել: Նրա հանդեպ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից եռամսյա կալանքն է ընտրվել:
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը եւ նրա ամուսինը` քաղաքագետ Արիֆ Յունուսը եւս հարցաքննվել են: Միաժամանակ նրանց բնակարանում խուզարկություն է իրականացվել:




























