Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 6-ին հանդիպել է «Եվտեսլատ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում եվրոպական համապատասխանությամբ առեւտրի գծով տարածաշրջանային նախագահի տեղակալ Ապոստոլոս Տրիանտաֆիլյուի գլխավորությամբ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Եվտեսլատ» ֆրանսիական կազմակերպությունը, որը արբանյակային ծառայություններ է մատուցում աշխարհում, հայտնի խոշորագույն օպերատորներից է:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերն առնչվում էին արբանյակային կապուղիների տրամադրմանը, թվային հեռուստատեսության եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունները դժվար հասանելիություն ունեցող տարածքներ հասցնելուն:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ արբանյակային հեռարձակումն ապահովելու նպատակով այժմ ընթանում են բանակցություններ մի շարք ընկերությունների եւ օպերատորների հետ:

«Հայաստանում արբանյակային հեռարձակումը կազմակերպելու համար մենք շատ կարեւորում ենք նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները, որոնք կարող են արդյունավետ համագործակցության ընթացք ապահովել»,-նշել է նախարարը:

Կողմերը հույս հայտնեցին, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունն արդյունավետ կշարունակվի: