Եթե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ապա ցավով պետք է արձանագրվեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես է մեկնաբանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօր արած հայտարարությունը՝ նշելով, որ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ուղղված չի եղել որեւէ այլ կուսակցության, հատկապես ԲՀԿ-ի դեմ:
Հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցության կողմից արձագանք կլինի՞ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, ըստ որի առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը: Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որեւէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որեւէ երանգ չի պարունակել եւ վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու»:




























