Հայաստանը եւ Կանադան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հիանալի պատմություն ունեն: Այս մասին մայիսի 2-ին, կանադական «The Prince Arthur Herald» պարբերականին տված հարցազրույցում նշել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը` խոսելով հայ-կանադական երկկողմ հարաբերությունների մասին:
Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` դեսպան Եգանյանը նշել է, որ ավելի քան երկու տասնամյակ առկա բարեկամության ընթացքում երկու երկրները որեւէ խնդիրներ կամ վեճեր չեն ունեցել: Ընդհակառակը` նրանք միմյանց լիովին աջակցել են համատեղ աշխատանքի բազմաթիվ բնագավառներում: Օրինակ` Կանադան անվերապահորեն աջակցեց Հայաստանի անդամակցության հայտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում` 2006թ. դիտորդի կարգավիճակից մինչեւ 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակ, իսկ այնուհետեւ` նաեւ լիիրավ անդամություն 2012թ. հոկտեմբերին: Հայաստանը հպարտ է լինել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մաս, քանի որ մենք կիսում ենք շատ ընդհանուր արժեքներ եւ տարեկան անցկացնում ենք մեծ թվով միջոցառումներ, որն ակնհայտորեն խոսում է Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ առկա կապի մասին կրթության, արվեստի, մշակույթի եւ այլ բնագավառներում:
Բացի այդ, մեր երկկողմ հարաբերությունները շարունակականորեն զարգանում են նաեւ երեք այլ գործոնների միջոցով:
Առաջին հերթին, երկու կառավարությունների բարեկամության խորհրդարանական խմբերը ակտիվորեն ներգրավված են խորհրդարանական դիվանագիտության առաջ մղման եւ հաղորդակցության տարատեսակ միջոցների հաստատման հարցերում:
Երկրորդ` Կանադայի հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում երկու ժողովուրդների միջեւ: Թեեւ այն փոքրաքանակ է, նրա կազմակերպվածության բարձր մակարդակը օգնում է բիզնեսին եւ փոխանակումներին վերաբերող հարցերում:
Երրորդ` Հայաստանը պարբերաբար մասնակցում է խաղաղապահ առաքելությունների` ներկայումս տեղակայված զորքեր ունենալով Աֆղանստանում եւ Կոսովոյում, եւ շատ բազմակողմ ծրագրերի, որոնք աջակցում են խաղաղությանն ու կայունությանը, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի «Գործընկեություն հանուն խաղաղության» ծրագիրը: Այս կապի միջոցով Հայաստանը լավ հարաբերություններ է հաստատել արեւմտյան երկրների, այդ թվում` Կանադայի հետ:
Անդրադառնալով երկու երկրների բարեկամության կարեւորությանը` դեսպան Եգանյանն ասել է, որ Կանադան ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում դրական փորձի կրող է, իսկ Հայաստանի նպատակը հենց շատ ուժեղ ժողովրդավարական հասարակության կառուցումն է:
Խոսելով Կանադայի հետ Հայաստանի հարաբերությունների հիմնական առաջնահերթությունների մասին` դեսպան Եգանյանը նշել է, որ կանադական հանքարդյունահանող ընկերությունները, ինչպես նաեւ այլ հումք արդյունահանող կազմակերպություններ արդյունավետ աշխատանք են ծավալել Հայաստանում: Եղել են նաեւ որոշ հաջողակ համատեղ նախագծեր, այդ թվում նաեւ` «Blackberry»-ի հետ հայ մասնագետների համագործակցությունը: Ներկայումս առեւտրի ծավալները մեծ չեն, բայց հիմքերն ամուր են, եւ առկա են մեծ հեռանկարներ ապագայի համար:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին` դեսպան Եգանյանը շեշտել է, որ, նախեւառաջ, նա կցանկանար տեսնել Երեւանում Կանադայի դեսպանատան բացումը, ինչը կընդլայներ փոխադարձ կապերը, ինչպես նաեւ կխթաներ մեր երկկողմ հարաբերությունների քաղաքական եւ դիվանագիտական ասպեկտները:
Բացի այդ, ըստ դեսպանի, ցանկալի է աճ արձանագրել առեւտրաշրջանառության ոլորտում: Հայկական ընկերությունները կարող են եւ պետք է լինեն գործընկերներ ավելի մեծ թվով կանադական ընկերությունների հետ:
Ի վերջո, դեսպանությունը պետք է շարունակի նպաստել Կանադայում Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին տեղեկացվածության մեծացմանը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Կանադայի կառավարության (ներառյալ Քվեբեկի) եւ խոշոր քաղաքների (ներառյալ Մոնրեալը) կողմից:




























