Ամերիկյան Դալլասում  Heritage Auctions աճուրդի տունը  մայիսի 14-ին աճուրդի կհանի «Ապոլոն-13» եւ  «Ապոլոն-14» տիեզերանավերով երկու անգամ տիեզերք հասած  Աստվածաշունչը: Ամերիկացի տիեզերագնաց Էդգար Միթչելն այն իր հետ վերցրել էր 1971թ. փետրվարի 5-ին Լուսնի վրա վայրէջք կատարելիս:

Աշխարհում Լուսնի վրա եղած ընդամենը 12 Աստվածաշունչ կա, որոնց վրա ստորագրել է անձամբ Էդգար Միթչելը:

Տիեզերագնացների տարած գրքերը ոչ մեծ սկավառակներ են. Հակոբ արքայի Աստվածաշնչի  1245  էջերը լուսանկարվել էին եւ փոքրացված վիճակով տպվել ժապավենին: Դրանց կշիռը հազիվ թե երկու գրամից ավելի լիներ, փոխանցում է ԻՏԱԴ-ՏԱՍՍ-ը:

2000-ականների սկզբին գրքերի համար ոսկյա շրջանակ  էր պատրաստվել՝ զարդաված թանկարժեք քարերով:

Աճուրդի տունը ակնկալում է «լուսնային» Աստվածաշունչը վաճառել ավելի քան 60 հազար դոլարով: Աստվածաշնչի մնացած օրինակները թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում են պահվում: