Ապրիլի 24-ը վերաբերվում է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ողջ Եվրոպային: Այս մասին Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցու բակում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ օրերս հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների դաշինք» խմբակցության փոխնախագահ Նիկոլո Ռինալդին:

«Այս օրերին մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Մենք այսօր այստեղ խաչքարի առջեւ ենք, որը մեզ հիշեցնում է հայ նահատակների մասին: Այս հիշատակի օրը ոչ միայն վերաբերում է հայ ժողովրդին, այլեւ ողջ Եվրոպային:

Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն էր, այն Եվրոպայի առաջապահն  էր Արեւելքում եւ Արեւելքի մի մասնիկը մեր մայրացամաքի սրտում: Հայերը արտասովոր են, աշխատասեր եւ հսկայական մշակույթ ունեն: Անգամ իմ երեք որդիները կնքվել են հայկական ծիսակարգով, ուստի ես ինձ շատ կապված եմ զգում հայերի հետ:

Այն Եվրոպան, որ մենք ցանկանում ենք կառուցել, Եվրոպան, որ մենք կառուցում ենք, հիշողության Եվրոպա է, որը չի անտեսում այն սարսափելի ու սոսկալի դաժանությունները, որ կատարվել են անցյալում, եւ Եվրոպայի ուժը նրա ընդհանուր եւ միասնական հիշողությունն է: Եթե մենք գիտենք փաստերը, մենք բոլորս ավելի վճռական կլինենք: Հայոց ցեղասպանությունը, որի մասին Հիտլերը կարծում էր, թե ո՞վ պետք է երբեւիցե հիշի, 20-րդ դարի տարբեր հանցանքների մեկնարկը հանդիսացավ եւ ոչ միայն հրեաների դեմ, այլեւ Ռուանդայում` թութսիների:

Եվրոպայի գաղափարը, որ ես ինձ հետ տարա Եվրոպական խորհրդարան, այն Եվրոպան, որին իմ քվեարկությամբ աջակցեցի, պահանջում  է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ այսօր այդ Եվրոպան ցանկանում է այստեղ լինել, խորհրդանշականորեն մոտ լինել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրին ատելության պատճառով, ատելություն, որ քաղաքացիության իրավունք չի կարող ունենալ Եվրոպայում»,- ասել է նա: