Ինդոնեզիայի Բանդա-Աչերխ նահանգում ապրող մի 25-ամյա այրու, որպես պատիժ` շարիաթի կանոնները խախտելու համար, խմբակային բռնաբարության են ենթարկել: Միջադեպի համար պատճառ է հանդիսացել կնոջ` 40-ամյա ամուսնացած տղամարդու հետ արտամուսնական կապը:

Բարոյականության վերակացուները զույգին այրու տանն են բռնացրել` սեքսով զբաղվելիս: «Հանցագործության վայրում» բռնված սիրեկաններին «ընկերակցության» ութ անդամները կապել են, այնուհետեւ ծեծել տղամարդուն, իսկ կնոջը` բռնաբարել: Գործն ավարտելուց հետո էլ բնական կարիքներն են հոգացել նրանց վրա, The Daily Mail-ին վկայակոչելով հաղորդում է Lenta.ru-ն:

Ի վերջո բարոյականության առաջամարտիկները տանջահար կնոջը ոստիկանական բաժանմունք են տեղափոխել եւ ընդամենը պատմել, որ նա, ամուսնացած տղամարդու հետ սիրով զբաղվելով, խախտել է շարիաթի կանոնները:

Ոստիկանները անմիջապես գլխի չեն ընկել, որ կինը սեռական բռնության է ենթարկվել, ինչի արդյունքում հանցագործությանը մասնակցած տղամարդկանցից հինգին հաջողվել է փախուստի դիմել: Կալանավորված երեք չարագործների նկատմամբ (որոնցից մեկը 13-ամյա դեռահաս է) բռնաբարության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Արտամուսնական կապի համար սիրեկաններին պատիժ է սահմանվել` մահակով ինը հարված յուրաքանչյուրին: Համաձայն շարիաթի կանոնների, այրուն բռնաբարած տղամարդուն եւս համարժեք պատիժ է հասնում: Սակայն նրանց գործը քրեական, եւ ոչ` կրոնական դատարանում է քննվելու: