Թեեւ այսօրվա դրությամբ վիրավորների եւ զոհերի առումով իրադրությունը չի փոխվել` 14 մահ, 66 մարդու մոտ` տարբեր աստիճանի վնասվածքներ, հակաահաբեկչական գործողությունների տեսանկյունից այն շարունակում է չափազանց բարդ մնալ: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսին` հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել ուկրաինական հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Վասիլի Կրուտովը:

«Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 14 ուկրաինացի մարտիկներ են զոհվել, 66-ը` վիրավորվել: Մենք պատերազմի նոր տեսակի ենք բախվել, որ դիվերսիա, ահաբեկչություն եւ քրեական բախումներ է ենթադրում:

Ներկայումս շարունակվում է հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ուժերի եւ միջոցների վերատեղակայումն ու վերադասավորումը: Երեկ սպառնալիքների դիմակայմանն ուղղված տարածքային պաշտպանության պլան է կազմվել: Ներկայումս հակաահաբեկչական գործողությունների շրջանակում տարածաշրջանում խաղաղ բնակչության պաշտպանությանը եւ մյուս մարզերում` ահաբեկչական աղբյուրների ծագման կանխարգելմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում:

Խնդիրը հնարավոր չէ միայն հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ուժերի հաշվին լուծել, քանի որ մարտահրավերները հատում են ռազմական գործողությունների շրջանակը: Սա ոչ միայն իշխանության եւ զինված ուժերի, այլ նաեւ` հասարակայնության խնդիրն է»,- Կրուտովի խոսքերն է մեջբերել ՈւՆՆ գործակալությունը: