ՌԴ-ն Կիեւի իշխանություններին Ուկրաինայի հարավ-արեւելքում իրականացվող պատժիչ գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է անում: Այդ գործողությունները միայն վատթարացնում են ստեղծված իրադրությունը: Այս մասին Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ, ԵԱՀԿ ղեկավար Դիդյե Բուրկհակտերի հետ բանակցություններն ամփոփելիս լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նկատել է, որ «ներքաղաքական հակամարտության լուծման նման եղանակը բոլոր ներքաղաքական վիճաբանությունները հարթելու վստահելի միջոց չի հանդիսանում»:
Պուտինի խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայի ճգնաժամն ամենասեղմ ժամկետներում այդ երկրի բոլոր քաղաքացիների, որտեղ էլ որ նրանք ապրելիս լինեն, շահերին համապատասխան լուծում գտնի:
«Ամենակարեւորը Կիեւի ներկայիս իշխանությունների եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջանների բնակիչների միջեւ ուղիղ եւ լիարժեք երկխոսության հաստատումն է, որի ընթացում հարավ-արեւելքի ներկայացուցիչները կարող են համոզմունք գտնել, որ իրենց օրինական իրավունքները երաշխավորվում են»,- ընդգծել է նախագահը:
Բայց Ուկրաինայում տիրող իրադրությունը շարունակում է ամենաանբարենպաստ սցենարով զարգանալ, եւ դրանում մեղավոր են նրանք, ովքեր պետական հեղաշրջում են կազմակերպել Կիեւում, համոզմունք է հայտնել ՌԴ նախագահը:
Այդ կապացությամբ Ռուսաստանը դաշնայնացման կողմնակիցներին խնդրում է մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն ավելի ուշ ժամկետի տեղափոխել` դրա իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























