Դժվար կլինի Ջեյմս Ուորլիքի առաջարկություններում ինչ-որ նոր բան գտնել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահի` Կարնեգիի կենտրոնում ընթերցված զեկույցին նման գնահատական է տրվել Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հայտարարության մեջ:

«Ներկայացված շրջանակները ոչ բարոյապես ընդունելի են, եւ ոչ էլ` գործնականորեն կայուն»,- ասվում է հայտարարության մեջ:

ANCA-ն ողջունում է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կենտրոնացումը, սակայն նշում է, որ «ներկայացված նախագիծը նշանակալիորեն հետ է մնում ժողովրդավարական ինքնորոշման ամերիկյան իդեալից»:

Կազմակերպության համոզմամբ, հայտարարության մեջ օգտագործվող «օկուպացիոն» անարժանահավատ լեզվով կրկին Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին կոչ է արվում ռազմավարական բնույթի զիջումների գնալ` ի պատասխան Ադրբեջանի ռազմաշունչ կառավարության անորոշ եւ հեշտ հրաժարելի խոստումների: «Մենք նախկինի պես հույս ունենք ԵԱՀԿ միջնորդությամբ ընդհանուր հեռանկարում խաղաղության հասնել, բայց հիասթափված ենք հիշյալ առաջարկում կարգավիճակի եւ անվտանգության նկատմամբ դրսեւորված ոչ սիմետրիկ մոտեցմամբ, եւ անհամբերությամբ, որպես շահառու կողմ, առավել հաշվեկշռված, համալիր ու ժողովրդավարական շրջանակներում անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի կերտման գործին մասնակցության ենք սպասում»,- ասվում է հայտարարության մեջ: