Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը ուկրաինական ճգնաժամի լուծման «ճանապարհային քարտեզ» է պատրաստել եւ այն առաջիկայում ժնեւյան պայմանավորվածությունները ստորագրած բոլոր չորս կողմերին կներկայացնի: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Դիդյե Բուրկհալտերը, ով ներկայումս այցով Մոսկվայում է գտնվում: ԵԱՀԿ-ի ղեկավարի խոսքով, «ճանապարհային քարտեզի» ընդհանուր մոտեցումները մայիսի 6-ին, Վիեննայում են քննարկվել:
Ուկրաինայի շուրջ «ճանապարհային քարտեզը», Բուրկհալտերի ներկայացմամբ, կրակի դադարեցում, լարվածության կայունացում, երկխոսության հաստատում եւ ընտրությունների անցկացում է առաջարկում:
ԵԱՀԿ-ն կոնկրետ քայլեր է առաջարկում հիշյալ չորս կետերի իրականացման ուղղությամբ:
Մասնավորապես, «պետք է դադարեցվեն բոլոր զինված գործողությունները, ահաբեկումներն ու սադրիչ գործողությունները»:
«Շատ կարեւոր է, որ հիմա նախագահ Պուտինը, երկխոսության հաստատման նպատակով, մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու կոչով հանդես գա»,- նշել է ԵԱՀԿ ղեկավարը:
Անհրաժեշտ քայլ է համարվում նաեւ բռնությունների նվազեցման նպատակով զինաթափման իրականացումը:
Ի վերջո, Բուրկհալտերի գնահատմամբ, Ուկրաինայում հակամարտող կողմերի միջեւ երկխոսության կենտրոնում պետք է, ի թիվս այլ հարցերի, իշխանության ապակենտրոնացման սխեման դրվի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























