Գերեվարությունից ազատված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին վերջին օրերին սոցիալական ցանցերում, էլեկտրոնային մամուլում եղած հրապարակումների առթիվ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո։
«Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապեւետ), իսկ Վերին Կարմիրաղբյուրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն ամենօրյա այցելություններ է կատարում:
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ բժշկական բրիգադն այսօր լրացուցիչ այց է կատարել։ Նախարարին զեկուցվել է, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է եւ համապատասխանում է իր տարիքին: Նրան նշանակվել է եւ կտրամադրվեն անհրաժեշտ դեղահաբեր: Հարազատները նշել են, որ գոհ են բուժսպասարկումից եւ անհրաժեշտության դեպքում ստանում են համապատասխան օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել էր Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել էր, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։




























