Տաջիկստանի եւ Ղրղըզստանի սահմամերձ շրջանների առնվազն 15 բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկու երկրների ընդհանուր սահմանին տեղի ունեցած ընդհարման արդյունքում:

Հաղորդվում է նաեւ, որ կրակի են մատնվել սահմանի մոտ գտնվող մեկ ավտոլցակայան, խանութ եւ երկու բեռնատար մեքենաներ:

Ընդհարման ժամանակ երկու երկրների շուրջ 1500 բնակիչներ միմյանց ուղղությամբ քարեր են նետել: Հակամարտող կողմերի միջեւ լարվածությունը երկու երկրների սահմանապահներն են լիցաքաթափել` նախազգուշական կրակ բացելով, հաղորդում է BCC-ի ռուսական ծառայությունը:

Ընդհարման պատճառը դեռեւս պարզ չէ: Մինչ պաշտոնական Դուշանբեն ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, Բիշկեկից հայտնում են, որ հակամարտությունը Տաջիկստանի քաղաքացիներն են հրահրել` Ղրղըզստանի մի բնակչի պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելով:

Սակայն Տաջիկստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հակառակն են պնդում:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսներին երկու երկրների սահմանին ընդհանուր առմամբ երեք լուրջ զինված ընդհարում է տեղի ունեցել:

Երկու երկրների միջեւ սահմանագիծը մեծ ի մասամբ պայմանական է եւ հաճախ ճանապարհներ ու բնակավայրեր է հատում: