Իրանը պատրաստ է բնական գազ արտահանել Եվրոպայի երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, հայտարարել է Իրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաժեդին, փոխանցում է IRNA-ն:
Մամուլի ասուլիսում նա նշել է, որ եվրոպական երկրները կարող են ներմուծել Իրանի բնական գազը երեք առանձին երթուղով, ընդ որում՝ նաեւ թուրքական գազատարով, որը, ըստ Մաժեդիի, տնտեսապես ամենաարդյունավետն է ներկայիս պայմաններում: Նա ընդգծել է, որ Եվրոպա գազի արտահանումը շահավետ գործարք կլինի, քանի որ Եվրոպան գազի նոր մատակարարներ է փնտրում:
Մաժեդին ասել է, որ երկրորդ երթուղին Իրաքով, Սիրիայով, Լիբանանով եւ Միջերկրական ծովով անցնող գազատարն է: «Երրորդը Հայաստանով, Վրաստանով եւ Սեւ ծովով անցնող գազատարն է»,– հավելել է նա:
Ըստ նախարարի՝ ներկայումս բանակցություններ են տարվում Պակիստանի եւ Հնդկաստանի հետ՝ գազային պայմանագրեր կնքելու վերաբերյալ:
Իրանի պետական տեղեկատվական գործակալությունը նշում է, որ Իրանն ունի աշխարհում բնական գազի երկրորդ խոշոր պաշարը եւ Եվրոպայի համար հուսալի գործընկեր է, առավել եւս, որ ԵՄ-ն ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից՝ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով:




























