Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 8-ին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՝ նշելով, որ նահատակների արյունը քրիստոնեական միասնականության սերմն է, գրում է  «Catholic Culture»-ը:

Հռոմի պապն այս հայտարարությունն արել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի առաջ, որի ժամանակ Օսմանյան Թուրքիայում կոտորվել էր  1,5 միլիոն հայ: Բարձր գնահատելով Կաթոլիկ եկեղեցու եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ հարաբերությունների առաջընթացը՝ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ  «անցյալ դարի ողբերգական իրադարձությունների ժամանակ հանուն Քրիստոսի արյուն հեղած  նահատակների թիվը, անկասկած, ավելին է, քան առաջին դարերի նահատակներինը, եւ այդ իմաստով հայ ժողովրդի զավակների մարտիրոսվելը պատվավոր տեղում է»:

«Ինչպես եւ հնագույն Եկեղեցում նահատակների արյունը նոր քրիստոնյաների դարձի սերմ էր դարձել, այնպես էլ մեր օրերում բազմաթիվ քրիստոնյաների արյունը դարձել է միասնականության սերմ:  Տառապանքների, նահատակության, արյան  մարտիրոսությունը հզոր հիշեցում է՝ Եկեղեցիների հաշտեցման ուղով առաջ շարժվելու համար», –  նշել է Հռոմի պապը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը: