Ռուսաստանի միջազգային պահուստները ապրիլի 25-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կրճատվել են 11,1 մլրդ դոլարով՝ 482,7 մլրդ-ից հասնելով 471,6 մլրդ դոլարի: Այս մասին են վկայում Ռուսաստանի բանկի մամուլի ծառայության ներկայացրած տվյալները:

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, դրանց ծավալը կազմել է 509,595 մլրդ դոլար, իսկ 2013-ի հունվարի 1-ին՝ 537,618 մլրդ դոլար:

Հավելենք, որ պահուստները ռեկորդային մեծության են հասել 2008-ի օգոստոսի 8-ին՝ 598,1 մլրդ դոլար: ՌԴ միջազգային պահուստների պատմական նվազագույն մակարդակ արձանագրվել է 1999-ի ապրիլի 2-ին, երբ Ռուսաստանի ոսկու եւ արտարժույթի պահուստները կրճատվել են՝ հասնելով 10,7 մլրդ դոլարի:

Ներկայումս աշխարհում ամենաշատ միջազգային պահուստներ ունի Չինաստանը, երկրորդ տեղում Ճապոնիան է, հետո գալիս են Շվեյցարիան, նոր միայն Ռուսաստանը: