Երեւանի ավագանին այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդային տարիների բոլշևիկ, ստալինյան ժամանակաշրջանի տխրահռչակ գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին որոշումն ուղարկեց կառավարություն, քանի որ օրենքով վերջնական որոշում կայացնողը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը:
«Երեւանի ավագանին այլեւս անելու ոչ մի բան չունի, որոշումն ընդունված է եւ այն ուղարկված է կառավարություն: Հիմա արդեն կառավարության համապատասխան մարմինը վերջնական որոշումը կկայացնի»,- ասաց նա:
Չնայած որոշումն այսօր առավոտյան է ուղարկվել կառավարություն, այնուամենայնիվ, քաղաքապետարանում ժամը 15:00-ին մշակույթի, կրթության եւ սոցիալական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում քննարկվում էր Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանի ներկայացրած փաստաթղթերը, որոնցում հստակ ասվում է, թե ինչ է արել Միկոյանը ստալինյան ռեպրեսիաների ժամանակ:
Քաղաքապետարանում արդեն պարզվեց, որ նիստը դռնփակ է, լրագրողներին նույնիսկ թույլ չէին տալիս մտնել քաղաքապետարան: Հանձնաժողովի նախագահ Թամարա Պողոսյանը լրագրողների ներկայությունը «նպատակահարմար» չգտավ, չնայած «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների համար անցաթուղթ էր ներկայացրել: Մի քանի րոպե տեւած բանակցություններից հետո լրագրողներին այնուամենայնիվ թույլ չտվեցին մասնակցել արտահերթ նիստին, իսկ Թամարա Պողոսյանն էլ խոստացավ 1 ժամ տեւող նիստից անմիջապես հետո պատասխանել լրագրողների բոլոր հարցերին:
Նիստը տեւեց ավելի քան 1.5 ժամ, դռների հետեւից լսվում էր քննարկման մասնակիցների բարձր ձայները: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստի ավարտից անմիջապես հետո «Բարեւ Երեւան» դաշինքի անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանն առանց մեկ բառ ասելու հեռացան, իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանն էլ հայտարարեց, որ որոշումը չի փոխվելու:
Լրագրողների հետ զրույցում էլ Հայկ Դեմոյանը հայտնեց, որ ինքը մնում է իր կարծիքին եւ Անաստաս Միկոյանի արձանը չպետք է տեղադրվի: Թե ինչ է քննարկվել արտահերթ նիստի ժամանակ եւ որն էր այս նիստի նպատակը, այդպես էլ լրագրողներին չասացին:
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը միայն հայտնեց, որ հարցն այլեւս իրենց տիրույթում չէ եւ իրենք ոչինչ մեկնաբանել ու գնահատել չեն կարող:
Իր հերթին Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանն էլ ներկայացրեց, թե ով է այս նախագծի հեղինակը, բաից դրանից հայտարարեց, որ Հայկ Դեմոյանը Միկոյանի կյանքի մութ էջերի մասին իր գործընկերներին հայտնել է՝ մինչեւ քվեարկությունը: «Մինչեւ քվեարկությունը՝ Հայկ Դեմոյանը խոսեց եւ հայտարարեց այդ փաստաթղթերի մասին, որից հետո նոր դրվեց հարցը քվեարկության, իսկ արձանը տեղադրելու մասին նախագիծը ներկայացրել է ոչ թե Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, այլ Մոսկվայի հայ համայնքը, ի դեմս դերասան Արմեն Ջիգարխանյանի»,- ասաց նա:
Այսպիսով, Երեւանի ավագանին այս «ծանր» որոշումը կայացնելու պատասխանատվությունը գցեց նոր ձուավորված կառավարության վրա:
Նշենք, որ ավագանին Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին որոշումը կայացրել է ապրիլի 30-ին: Տեղադրելուն դեմ են քվեարկել միայն «Բարեւ Երեւան» դաշինքի անդամներն ու ՀՀԿ-ական Հայկ Դեմոյանը:











