Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման եւս մեկ օրինակ: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Մոսկվայում, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների հետ կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ նշել է.
«Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի եւ այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաեւ այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:
Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաեւ բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի, այդ թվում նաեւ ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնեւում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:
Վլադիմիր Վլադիմիրի, հուսով եմ, որ այսօր ոչ պաշտոնական միջավայրում Դուք մեզ կներկայացնեք Ուկրաինայում իրադրության զարգացման Ձեր տեսլականը: Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետեւանքների»:

































