Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների հետ Մոսկվայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որտեղ մասնավորապես, ասել է.
«Սկսեմ Ռուսաստանի նախագահի հասցեին անկեղծ երախտագիտության խոսքերով՝ մեր կողմից հավասարապես պատվելի եւ բոլորիս միավորող տոնի՝ Հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին Մոսկվա այցելելու հրավերի համար:
Մենք ներկայացնում ենք պետություններ, որոնց ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմում ամենաշատ կորուստներն են կրել, վճռորոշ ներդրում ունեցել Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում: Եվ մեր ընդհանուր պարտքն է՝ խնամքով պահպանել նրա ժառանգությունը, անել ամեն հնարավորը, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը միավորեն երկրների եւ ժողովուրդների, ծառայեն նոր սպառնալիքների կանխմանը:
Նաեւ շնորհակալ եմ ոչ պաշտոնական միջավայրում առավել սուր, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորության համար:
Մեր երկրների պաշտպանունակության, հավաքական անվտանգության համակարգի մարտունակության եւ արդյունավետության բարձրացման խնդրին է ենթակա եւ՛ երկկողմ մակարդակով, եւ՛ տարածաշրջանային կազմակերպությունների ձեւաչափով, բնականաբար, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող ամբողջ աշխատանքը: Այդ աշխատանքը տարվում է՝ հաշվի առնելով միջազգային իրադրության զարգացման ընթացքը:
Վստահ եմ, որ դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարեւոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարեւորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ:
Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարեւան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել եւ՛ ՄԱԿ-ում, եւ՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում:
Մենք այսուհետ եւս պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ուղղված անդամ-պետությունների համար ռիսկերի նվազեցմանը, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանը՝ հիմնվելով, առաջին հերթին, «Մինչեւ 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների» վրա: Պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդեցության համատեղ հնարավորությունների զարգացման հարցերը: Եվ այստեղ կարեւոր են ինչպես պարբերաբար անցկացվող վարժանքները՝ «Նելեգալ», «Կանալ» եւ «Պրոկսի» գործողությունները, այնպես էլ զորքերի մարտունակության մակարդակի, դրանց համադրելիության եւ շարժունակության կարողությունների անակնկալ ստուգումները: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ 2015թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել ՀԱՊԿ խաղարար ուժերի զորավարժություն՝ «Անխախտ բարեկամություն-2015», որոնք, վստահեցնում եմ ձեզ, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով:
Կարեւոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը եւ ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաեւ երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը:
Ընթացիկ տարվա հուլիսի 1-2-ին Երեւանում ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ կանցկացվի անվտանգության հարցերով «ՄԱԿ սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղարար ներուժի ինտեգրում խաղաղ օպերացիաների գլոբալ համակարգում» թեմայով երեւանյան միջազգային ռազմավարական համաժողով: Սա առաջին այսպիսի համաժողովն է, եւ ես գործընկերներին խնդրում եմ աջակցել նախաձեռնությանն ու հանձնարարել մասնակից-պետությունների համապատասխան կառույցներին՝ ապահովել մասնակցության բարձր մակարդակ»:




























