Twitter-ի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միկրոբլոգում Ջեյմս Ուորլիքի` Ղարաբաղի շուրջ հայտարարությունը քննադատողներին ուղղված գրառում է հայտնվել:
«Երեք հնարավոր ելք կա` բանակցությունների միջոցով կարգավորում, շարունակական, անընդունելի ստատուս-քվո կամ էլ` պատերազմ: Լեռնային Ղարաբաղի համար խաղաղություն ընտրեք»,- ասվում է հայտարարության մեջ:
Դեսպանատունը նշում է, որ բոլոր նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում Ուորլիքի հայտարարությանը, պետք է հիշեն, որ «բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջում է ենթադրում»:
«Եթե կողմերը մինչեւ վերջ իրենց ուզեցածը պահանջեն, ապա շատ եւ շատ երկար են սպասելու»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, Կարնեգիի կենտրոնում ելույթի ժամանակ Ջեյմս Ուորլիքը ԼՂ խնդրի կարգավորման 6 հիմնական տարրերն է ներկայացրել: Այնուհետեւ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ուորլիքի ելույթի մեկնաբանությամբ է հանդես եկել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նրա ընգծմամբ, միջնորդը փորձել է ԼՂ կարգավիճակը շրջապատող տարածքների կարգավիճակից տարանջատման ԱՄՆ քաղաքականությունը ներկայացնել:




























