Հաճելի է նշել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշել ռազմավարական գործընկեր երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները: 
«Հարգելի Սերժ Ազատի, թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել Ձեզ Մոսկվայում, շնորհակալություն հայտնել, որ մեզ այցելել եք մայիսի 9-ի նախօրեին, եւս մեկ անգամ շնորհավորել եւ՛ Ձեզ, եւ՛ ամբողջ հայ ժողովրդին՝ Հաղթանակի գալիք տոնի կապակցությամբ:

Հայաստան իմ այցելությունից հետո մեծ աշխատանք է կատարվել այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Ես ուրախ եմ Ձեզ հետ ժամացույցի սլաքներն ուղղելու հնարավորության համար, տեսնելու, թե լրացուցիչ ի՞նչ է պետք անել, որտեղ է մեզ պետք արագացնել համատեղ աշխատանքի տեմպը:

Ամեն դեպքում, հաճելի է նշել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը, անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, մեզ մոտ գրեթե 11 տոկոսով (10,6 տոկոսով) աճել է ապրանքաշրջանառությունը: Եվ այս տարի ապրանքաշրջանառության աճի դրական տեմպերը եւ դրական դինամիկան պահպանվում են, այնպես, ինչպես Ռուսաստանը՝ որպես ներդրող, պահպանում է հայաստանյան տնտեսության մեջ առաջին տեղը»,-նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Շնորհակալություն հայտնելով ՌԴ Նախագահին ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում Մոսկվա այցելելու հրավերի եւ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարեւորագույն հարցերի քննարկման հնարավորության համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը եւ Ռուսաստանի ժողովրդին՝ Մեծ հաղթանակի կապակցությամբ:

«Ես ուրախ եմ, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, դաշնակցային գործընկերությունը դինամիկ կերպով զարգանում են: Մենք այսուհետ եւս առավելագույն ջանքեր կգործադրենք այդ հարաբերությունների խորացման համար:

Ձեր պետական այցի ընթացքում եւ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, իհարկե, հարստացրեցին մեր օրակարգը: Եվ, իհարկե, այդ պայմանավորվածությունների իրականացումը բոլոր ոլորտներում՝ եւ՛ արտաքին քաղաքականության, եւ՛ ռազմատեխնիկական, եւ՛ տնտեսական, սերտ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում: Մենք պատրաստ ենք ակտիվ աշխատանքի: Եվ ես կարծում եմ, որ միայն դա է համապատասխանում մեր ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներին եւ դա է համապատասխանում մեր ժողովուրդների կամքին, ուստի մենք պատրաստ ենք: Ես ուրախ եմ, որ այսօր Մոսկվայում եմ: Շնորհակալություն հրավերի եւ այն զրույցի համար, որը մենք արդեն ունեցել ենք»,-ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: