Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի հարաից տարածքում, այսօր՝ մայիսի 8-ին, հավաքվել են Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող հարյուրավոր քաղաքացիներ, որոնք քիչ առաջ սկսեցին Պահանջի երթը, որով իշխանությունից պահանջում են ոչ մեկից առանց անձի ազատ կամարտահայտության չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար եւ մինչեւ հիմա պահված գումարները հետ վերադարձվեն (ֆոտոռեպորտաժ):

«Մենք հոգնել են խոստումներից։ Ինչքան լռում ենք ու գեղեցիկ խոստումներ ենք լսում, այնքան մեր պահանջների մասին մասին մոռանում են»,- երթի մեկնարկից առաջ ասաց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի հետ հանդիպումն էլ գրեթե արդյունք չի տվել, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը վերաբերում է տույժերի չգրանցմանը, բայց ոչ իրենց հիմնական պահանջներին, այն է՝ վերջնականապես կասեցնել պարտադիր բաղադրիչը եւ վերադարձնել մինչեւ հիմա արված պահումները։

«Խոսում են երկրի  իմիջի մասին, հանդիպում են գործատուների հետ, բայց շարունակում են կիրառել հակասահմանադրական դրույթներ, մեր պայքարը անարդյունավետ չէ, մեր հիմնական արդյունքն այն է , որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց օրենքի պարտադիր բաղադրիչը»,- ասաց  Դավիթ Մանուկյանը:

Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը նշեց, որ կան հարյուրից ավելի գորածատուներ, որոնք պահումներ չեն անում, եւ հիմնական պարտադիր պահումներ են անում պետական հիմնարկներն ու մասնավոր ընկերությունները, որոնք չեն կարողանում դիմակայել ճնշմանը։

«Երկրում ՍԴ որոշումը ոտնահարվում է նախագահից սկսած՝ մինչեւ իշխանության ցածր օղակները։ Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել կուտակային կենսաթոշակի անվան տակ մարդկանց թալանելը»,- ասաց Հայկ Ավետիսյանը։

Երթը մեկնարկել է Սայաթ-Նովա փողոցով, վերջնակետը Ազատության հրապարակն է։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը շարժվում է ոստիկանների ուղեկցությամբ, մասնակիցները քայլում են փողոցի երթեւեկելի հատվածով։ Շատերը եկել են իրենց երեխաների հետ, մեծ թիվ են կազմում նաեւ տարեց քաղաքացիները, որոնց վրա թեեւ օրենքի պարտադիր բաղադրիչը չի տարածվումՙ,սակայն, նրանք ասում են, որ եկել են իրենց երեխաների եւ թոռների իրավունքները պաշտպանելու։

Երթի մանսակիցները վանկարկում են «Դուրս արի փողոց», «Մենք ենք տերը մեր երկրի» եւ բոլորին կոչ են անում միանալ իրենց ու տեր կանգնել իրենց իրավունքներին։

Հիշեցնենք,  որ կառավարության առաջարկով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը կքննարկվի խորհրդարանի մայիսի 12-ի արտահերթ նիստում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am