Լեոնարդո դա Վինչին կարող է դառնալ առաջին նկարիչը, որը 3D-ով նկար է ստեղծել, պնդում են գիտնականները։
Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի «Մոնա Լիզա» (կամ «Ջոկոնդա») նկարը, որն այժմ ցուցադրվում է Լուվրում, հնարավոր է, եռաչափ պատկերով նկարչի կատարած փորձի մի մասն էր։
Դա ապացուցելու համար գիտնականները ուսումնասիրել են բուն նկարը եւ Մադրիդի Պրադոյի թանագարանի նրա պատճենը։
Գերմանացի գիտնականները համեմատել են երկու նկարները եւ հայտնաբերել, որ նրանց միջեւ տարբերությունները շատ քիչ են եւ հիմնականում վերաբերում են պատկերման մոտեցումներին։ Այլ կերպ ասած՝ երկու նկարներն էլ կարծես թե նկարել են միմյանց կողքի գտնվող եւ բնորդուհուն տարբեր տեսանկյունից ընկալող նկարիչներ։
Երկու կտավների համակարգչային վերլուծությունը ցույց է տվել, որ երկու նկարիչների տեսանկյունների հեռավորությունը կազմել է 69 մմ, որը մոտավորապես համապատասխանում է մարդու աչքերի միջեւ եղած հեռավորությանը։ Եթե մենք նայենք սկզբում մեկ աչքով, հետո՝ մյուս, նկարները մի փոքր տարբեր են թվում, գրում են գիտնականները, մեր ուղեղը վերամշակում է երկու նկարները եւ միավորում դրանք մեկում՝ եռաչափ հարթությունում։ Մոտավորապես նույնն բանն է արել նաեւ Լեոնարդո դա Վինչին «Ջոկոնդայի» դեպքում. ըստ գերմանացի գիտնականների՝ նա երկու նկարներն այնպես է նկարել, ինչպես որ տեսնում են իր աչքերն առանձին-առանձին։
Արդյունքում գիտնականները պարզապես միավորել էին երկու կտավները եւ ստացել 3D-նկար՝ եռաչափ Մոնա Լիզայով, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Discovery-ն։




























