Կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները այսօր՝ մայիսի 8-ին, Պահանջի երթի ժամանակ հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ նստեցին գետնին՝ Ռոդենի արձանի շուրջ ու հայտարարեցին, որ սկսում են նստացույց՝ իրենց պահանջներն անմիջապես կատարելու պահանջով։
Նրանք ներկաներին կոչ են անում «Ֆեյսբուքում» «չեք-ին» լինել, որ իրենք արձանի մոտ են, որպեսզի նրանց ընկերներն էլ միանան իրենց։
Իրենց շրջապատված ոստիկաններին ակցիայի մասնակիցները կոչ են անում հեռանալ։ Թե որքան են պատրաստվում նստել, երիտասարդները առայժմ չեն պարզաբանում։
«Մենք ենք այս երկրի տերը ու կնստենք այստեղ՝ որքան ցանկանանք։ Մենք անում ենք այն, ինչ պետք է աներ մեր երկրի նախագահը, այդ պատճառով դուք բոլորդ ձեզ կարող եք զգալ մեր երկրի լիիրավ նախագահներ»,- հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը։
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացնող ելույթներ են ունենում եւ վանկարկում. «Նստեք, նստեք»։ Նրանք երթեւեկությանը չեն խանգարում։
Դավիթ Մանուկյանը հրապարակեց իրենց հինգ պահանջները.
«Փոխել պետեկամուտների կոմիտեի ներկայացվող հաշվետվությունների ձեւը եւ հեքիաթներ չպատմել։
Անմիջապես ներկայացնել կառավարության դիրքորոշումը, որը պետք է 180 աստիճանով տարբերվի նախորդ տխրահռչակ կառավարության դիրքորոշումից։
Պահումներ չանել առանց աշխատողների գրավոր համաձայնության։
Անմիջապես վերջ դնել այլանդակությանը , որը դեպոզիտարիայի կողմից է կատարվում, եւ հնարավորին շուտ վերահաշվարկ կատարել։
Հետ վերադարձնել նախորդ ամիսներին գանձած գումարները»։
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը զգուշացրեց, որ նրանց նստացույցն անօրինական է, եւ եթե չդադարեցնեն, ոստիկանությունը կդիմի համապատասխան քայլերի, ինչին ցուցարարները պատասխանեցին, որ իրենք իրենց Սահամանդրական իրավունքին են տեր կանգնում, իսկ օրենքը խախտում են ոչ թե իրենք, այլ իշխանությունները՝ կիրառելով հակասահմանադրական օրենքներ։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











