Կառավարության արձագանքը Կուտակայինի հետ կապված քառյակի առաջարկներին ներկայացված է այն օրենքում, որը այսօր ուղարկվել է Ազգային ժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իրականում այս օրենքը գալիս է հաստատելու վարչապետի այն հայտարարությունը, որը ներկայացված է եղել վերջերս: «Կարծում եմ, որ սա պատշաճ հիմք է, որպեսզի շարունակենք հետագա մեր աշխատանքները»,-ասաց նա:

Հարցին, թե քառյակի առաջարկների ո՞ր մասն է ընդունվել, արդյոք ամբողջությամբ ընդունվել են, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ամբողջությամբ չեն ընդունվել, առաջարկվել է մեր մոտեցումը. Մասնավորապես կար երկու տարբեր դիրքորոշում. օրինակ լռելյայն պետք է ընդունել, որ յուրաքանչյուրը մասնակցում է կուտակային կենսաթոշակների համակարգին, թե՞ լռելյայն ընդունել, որ յուրաքանչյուրը չի մասնակցում: Մենք այս պահին առաջարկում ենք մոտեցում, որ լռելյայն համարվում է, որ յուրաքանչյուրը մասնակցում է, իսկ նրանք, որոնք համարում են, որ չպետք է մասնակցեն, դրա մասին պետք է դիմում ներկայացնեն:

Եթե լինում է նման դիմում, ապա տվյալ անձի մասով գործընթացը կասեցվում է մինչեւ օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը»:

Նշենք, որ մայիսի 6-ին, խորհրդարանի չորս ոչ կոալիցիոն ուժերը նորանշանակ վարչապետին են ներկայացրել իրենց առաջարկները՝ կուտակայինի հետ կապված: Առաջարկները վերաբերվում են մասնավորապես պարտադիր բաղադրիչի կասեցմանն ու գանձված գումարները վերադարձնելուն: Ըստ քառյակի պահանջի՝ կառավարությունը պետք է մինչեւ մայիսի 10-ը պատասխանի:

Քառյակի 6 առաջարկները՝ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ: