Մոտ մեկ ժամ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում նստացույց անելուց հետո «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության Պահանջի երթի մասնակիցները վերսկեցին երթը դեպի «Մոսկվա» կինոթատրոն՝ Շառլ Ազնավուրի հրապարակ։

«Մենք այստեղ հանգստանում էինք, սա չի նշանակում որ մեր երթն ավարտվում է, մենք երթով գնալու ենք Շառլ Ազնավուրի հրապարակ»,- հայտարարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։

Նա նաեւ հայտարարեց, որ իրենք այսօր թեեւ փողոցը չփակեցին, բայց դա մեսիջ է իշխանություններին, որ իրենք պատրաստ են ամեն ինչի, եւ անհրաժեշտության դեպքում դա էլ կանեն. «Եթե դուք արհամարհեք այս բողոքը, շարժումը կմեծանա, եւ ինքներդ ձեզ կհամարեք իրավիճակի պատասխանատու»։

Ակցիայի մասնակիցները պարեցին զուռնա դհոլի երաժշտության տակ, ապա վեր կացան ու «Ամոթ», «Վերջ թալանին» վանկարկելով, թմբուկների զարկերի եւ ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի «Մոսկվա» կինոթատրոն, որտեղից սկսել էին երթը։

Հիշեցնենք, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները իշխանությունից պահանջում են քաղաքացիներց նրանց կամքին հակառակ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները չգանձել եւ մինչեւ հիմա պահված գումարները հետ վերադարձվեն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am