Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի պետական ժողովը (խորհրդարանը) մայիսի 8-ին բանաձեւ է ընդունել ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ, հաղորդում է NEWS.am-ը:

32-րդ համարի բանաձեւը ոչ միայն ճանաչում է ԼՂՀ անկախությունը, այլեւ կոչ է անում ԱՄՆ դաշնային կառավարությանը ճանաչել ԼՂՀ-ն որպես ինքնիշխան պետություն: Բանաձեւն ընդունվել է Քալիֆորնիայի օրենսդիրներին բացարձակ մեծամասնությամբ՝ 70 կողմ եւ մեկ ձեռնպահ ձայներով:

Քալիֆորնիայի խորհրդարանի անդամ, դեմոկրատ Մայք Գատտոյի խոսքով՝ Քալիֆորնիան այսուհետ ամենախիտ բնակեցված սուբյեկտն է, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Ինձ համար պատիվ էր այս բանաձեւը նախապատրաստելիս աշխատել տեղի հայ համայնքի առաջնորդի հետ»,-հայտարարել է նա:

«Մենք՝ քալիֆորնիացիներս, միշտ հպարտացել ենք մեր նահանգի դիրքորշմամբ, որը հիմնված է ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: Այդ բանաձեւի ընդունմամբ՝ Քալիֆորնիան կանգնել է Արցախի ժողովրդի կողմը, որը հանդես է գալիս ժողովրդավարության օգտին՝ հիմնված ազատության եւ երջանկության ձգտման գաղափարների վրա»,-հայտարարել է Ամերիկայի հայկական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը:

Նշենք, որ Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ 5-րդ նահանգը, որը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Մյուս 4 նահանգներն են Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը եւ Լուիզիանան: