Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը որոշել է ոչ մի մասնակցություն չունենալ կառավարության նոր ծրագրի կազմմանը: Այս մասին NEWS.am-ին ասաց խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Խմբակցությունում այս հարցը քննարկել ենք եւ որեւէ մասնակցություն չենք պատրաստվում ունենալ կառավարության ծրագրին»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք որոշվել է, թե խմբակցությունն ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին՝ պատգամավորը պատասխանեց. «Վերջնական որոշում դեռ չունենք, այնուամենայնիվ, ընդհանուր տրամադրությունը այն է, որ կողմ լինել չի լինելու: Հիմա մնում է՝ որոշենք՝ բոյկոտելու ենք, թե դեմ ենք քվեարկելու»:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել էր, որ օրերս դիմել են խորհրդարանական ուժերին՝ առաջարկելով մասնակցել նոր կառավարության ծրագրի կազմմանը:

«Սպասում ենք որոշ քաղաքական ուժերի արձագանքին: Դեռեւս մեր առաջարկած ժամկետը չի լրացել, ուստի չեմ կարող ասել, որ ուժերը կարձագանքեն, որոնք՝ ոչ»,- ասել էր նա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am