Թբիլիսին ակտիվացնում է ՆԱՏՕ մտնելուն ուղղված աշխատանքները՝ նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ռուսական ագրեսիան զսպելու մարտավարության շրջանակում, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Wall Street Journal թերթի հետ հարցազրույցում Ալասանիան նշել է, թե Վրաստանի կառավարությունը հուսով է, որ Մեծ Բրիտանիայում սեպտեմբերին ՆԱՏՕ-ի գագաթաժողովին դաշինքը հավանություն կտա ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի գործողության ծրագրին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ նրա` այդ նպատակին հասնելու համար ինքն եւ վրաց այլ պաշտոնյաներ քննարկումներ կանցկացնեն ՆԱՏՕ-ի անդամների հետ, հատկապես` ԱՄՆ-ի եւ Գերմանիայի:
Հիշեցնենք, այս շաբաթ Ալասանիան Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի անդամներին նաեւ կոչ է արել աշխուժացնել համագործակցությունը նախկին խորհրդային հանրապետությունների հետ` Կրեմլին զսպելու շրջանակում: Նա հայտնել է, որ այս տարվա աշնանը Վրաստանում տեղի են ունենալու վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ, որոնք ռազմական բնույթ են կրելու: Ըստ նրա` Թբիլիսին քննարկում է հակատանկային զինամթերք գնելու հարցը:




























