Չինաստանի Դեյան քաղաքային օկրուգում մարդահամարի համար պատասխանատու պաշտոնյաները պատահար մի 35-ամյա կնոջ են փրկել, ով նախկին ամուսնու կողմից սեփական տան նկուղում էր պահվում։
Պաշտոնյաները 40-ամյա Լին Ջաջունի տուն են այցելել՝ մարդահամարի համար տվյալներ լրացնելու նպատակով։ Փաստաթղթերի լրացման ժամանակ տանտիրոջ կասկածելի պահվածքը, այնուհետեւ էլ՝ նկուղից լսված աղմուկը նրանց ուշադրությունից չի վրիպել՝ անմիջապես ոստիկանություն են զանգահարել։
Այն, ինչ պաշտոնյաներն ու տեղ հասած ոստիկանները նկուղում են հայտնաբերել՝ ուղղակի շշմեցրել է նրանց։ Պատի մոտ շղթայված կին է եղել, որ պարզվել է՝ Լինի նախկին կինը՝ 35-ամյա Լին Յանն է։
Ստորգետնյա բանտից ազատելուց հետո չինուհին իրավապահներին պատմել է, որ ամուսնալուծությունից եւ երկրորդ կնոջ հետ ամուսնությունից հետո նրա նախկին ամուսինը սկսել է գաղտնի «ապաստարան» կառուցել։ Այնուհետեւ Յանին իր տուն է հրավիրել՝ խոսելու պատրվակով եւ, նկուղ հրելով, շղթայակապ թողել այնտեղ։
«Նա չէր կարողանում հաշտվել առաջին կնոջից՝ վերջինիս նախաձեռնությամբ բաժանվելու մտքի հետ, ուստի որոշել էր իր հսկողության տակ պահել նրան»,- մեկնաբանել է ոստիկանության ներկայացուցիչներից մեկը։
Տանտիրոջ հանդեպ առեւանգման եւ ազատության անօրինական սահմանափակման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, Daily Mail-ին վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը։






























