«Բելաջիո» ռեստորանային համալիրում մայիսի 8-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Մայիս Երեմյանն ու Արթուր Վարդանյանը հրաժարվել են հոսպիտալացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցի մամուլի ծառայությունից:

«Մայիս Երեմյանն ու Արթուր Վարդանյանը գլխուղեղի վնասվածք էին ստացել եւ տեղափոխվել մեզ մոտ, սակայն երկուսն էլ հրաժարվել են մնալ հիվանդանոցում եւ բուժօգնություն ստանալուն պես դուրս են գրվել»,- ասացին մամուլի ծառայությունից:

Թե որն է եղել ծեծկռտուքի իրական պատճառը, մեզ դեռ չի հաջողվել պարզել

Նշենք, որ ռեստորանի սեփականատեր՝ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը, NEWS.am-ի հետ ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ միջադեպից:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում մի քանի տղամարդ միմյանց հայհոյել են եւ տարբեր իրերով հարվածել միմյանց եւ կոտրել ռեստորանի գոյւքը: Ծեծկռտուքին մասնակցած տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանություն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: