Իտալական մամուլն անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի Վատիկան այցին եւ մայիսի 8-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ունեցած հանդիպմանը՝ ներկայացնելով հոգեւոր երկու առաջնորդների հանդիպման որոշ մանրամասներ:
«La Stampa» թերթը նշել է, որ Գարեգին Բ-ի հետ հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոսը հարգանքի տուրք է մատուցել «հայ ժողորդի նահատակներին», որոնք զոհվել են «անցյալ դարի ողբերգական իրադարձությունների ժամանակ»՝ ընդգծելով, որ «նրանց վկայությունները, միաժամանակ ողբերգական ու մեծարված, պետք չէ մոռանալ»:
«Avvenire» թերթը հաղորդել է, որ հանդիպումից հետո հայրապետերը մասնակցել են ընդհանուր աղոթքի: Իր ելույթում Հռոմի պապը հիշեցրել է հայ ժողովրդի բազում նահատակների մասին: Նա կրկնել է, որ «նահատակների արյունը սերմ է դառնում նոր քրիստոնյաների համար»:
«La Perfetta Letizia» պարբերականն ուշադրություն է հրավիրել, թե ինչպես է Ֆրանցիսկոսն ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսին: «Սա հատուկ շնորհ է, որ մենք կարող ենք հանդիպել այս տանը, Պետրոս առաքյալի գերեզմանի մոտ, կիսել եղբայրական շփման ու աղոթքի ժամանակը: Ձեզ հետ միասին օրհնում եմ Աստծուն, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու կապը Հռոմի եկեղեցու հետ վերջին տարիներին ավելի ուժեղ է, նաեւ շնորհիվ իրադարձությունների, որոնք կնքվել են մեր հիշողության մեջ»,- նշել է Հռոմի պապը:
«La Stampa» թերթը հավելում է, որ հանդիպման ավարտին Ֆրանցիսկոսը նվիրել է Ղուկասից եւ Հովհաննեսից Կտակարաններն ընդգրկող Բոդմերի 14-15 Պապիրուսի ֆաքսիմալ վերաարտադրված երկու էջ: Պարբերականի համաձայն՝ Գարեգին Բ-ն իր հերթին Հռոմի պապին խաչ է նվիրել, որը պատրաստվել էր հին հայկական ավանդույթի համաձայն:
Նշենք, որ նախօրեին Վատիկանում Սուրբ Աթոռին կից Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը Գարեգին Բ-ի Վատիկան այցի կապակցությամբ պաշտոնական ընթրիք է կազմակերպել:
Միջաոցառմանը ներկա են եղել Հայ Եկեղեցու պատվիրակության անդամները, Արեւելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Կաթոլիկ կրթության պապական խորհրդի նախագահ Կարդինալ Զենոն Գրոխոլեւսկին, Իրավական տեքստերի պապական խորհրդի նախագահ Կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմիերոն, ինչպես նաեւ Վատիկանում հավատարմագրված դեսպաններ: Ընդունելության ավարտին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին միջոցառման կազմակերպման համար, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վատիկանի միջեւ, Հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրումի համար:
















