Ճապոնիայի իշխանությունները Ուկրաինայում ստեղծված իրադրության կապակցությամբ Ռուսաստանի հետ ԱԳՆ մակարդակով տարածքային խնդիրների շուրջ խորհրդակցությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում են կայացրել, Ճապոնիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին վկայակոչելով հաղորդում է Կիոդո գործակալությունը։
«Ներկայիս պայմաններում, երբ «մեծ յոթնյակի» անդամ-երկրները դիմակայում են Ռուսաստանին, խորհրդակցությունների շարունակումը դժվար իրականանալի է թվում»,- Ռիա-Նովոստիի վկայակոչմամբ, ասել է Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ մարտ ամսին Ճապոնիան դադարեցրել էր ՌԴ հետ վիզային ռեժիմի թեթեւացման շուրջ բանակցությունները եւ հետաձգել եւս երկուսի մեկնարկը, ինչն, ընդհանուր առմամբ, G7-ի երկրների՝ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից ամենաթեթեւը կարելի է համարել։ Ապրիլի սկզբներին Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել էր ՌԴ 23 կառավարական պաշտոնյաների մուտքի արտոնագիր տրամադրել, պատճառաբանելով, թե «նրանք կարող են Ուկրաինայի ինքնիշխանության խախտմանը առնչություն ունենալ»։



























