60 հոգանոց, ավտոմատ զենքերով զինված մարդկանց մի խումբ փորձել է հարձակում գործել Մարիուպոլի ոատիկանության քաղաքային վարչության շենքի վրա։ Այս մասին Facebook-ի իր էջին գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։
«Շենքի տարածքում մարտ է սկսվել։ Այնուհետեւ, ԶՈւ եւ Ազգային գվարդիայի օժանդակ ստորաբաժանումների հայտնվելուց հետո, այն լայնածավալ զինված ընդհարումների է վերածվել։ Արդյունքում ահաբեկիչների նշանակալի մասը ոչնչացվել է»,- տեղեկացրել է Ավակովը։
Նրա խոսքով, սպանվել է 20 աշխարհազորային, եւս 4-ը պատանդ են վերցվել։
«Հարձակվողների նշանակալի մասը, թողնելով զենքը, քաղաքի բնակելի թաղամասերում է թաքնվել»,- վստահեցնում է նախարարը։
«Մեր կորուստների մասով, մեկ սպանված ունենք, 5 վիրավոր։ ԶՈւ կորուստները ճշտվում են։ Ոստիկանության շենքն այրվում է։ Զզվելի վարձկաններ, վերջապես ե՞րբ եք հանգստանալու, ե՞րբ է թափված արյունը հագեցնելու ձեզ։ Մտածեք»,- գրել է Ավակովը։




























