Ռուսական Russia Today հեռուստաընկերության արտահաստիքային աշխատակիցներից մեկը վիրավորվել է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում։

«Մեր աշխատակիցը վիրավորվել է Մարիուպոլում նկարահանումներ իրականացնելիս։ Վերքը որովայնի հատվածում է, չնայած, բժիշկների խոսքով, նրա հագին զրահապատ բաճկոն է եղել։ Հիմա հիվանդանոց է գտնվում»,- հիշյալ տեղեկատվությունն իր միկրոբլոգում հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է տեղակայել։

Հիշեցնենք՝ մայիսի 9-ի առավոտից մարտեր են սկսվել Մարիուպոլի ոստիկանության քաղաքային վարչության մոտ։ Ընդհարումներ են ընթանում նաեւ Ազգային Գվարդիայի եւ քաղաքային վարչակազմի շենքերի հարեւանությամբ։ Բժշկական ծառայություններից ստացված տեղեկությունների համաձայն, բախումների արդյունքում զոհվել է երկու մարդ, եւս ութը վիրավորվել են։ Ներկայումս զրահատեխնիկայի եւ տանկերի մասնակցությամբ ընդհարումները շարունակվում են։

Հավելենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, քաղաքի ոստիկանական ուժերը պառակտվել են. նրանց մի մասը աշխարհազորայինների կողմն է անցել, ինչի արդյունքում ոստիկանության շենքի համար թեժ մարտեր են ընթացել։